Ադրբեջանի գործողությունները պետք է տնտեսական և քաղաքական հետևանքներ ունենան. Ռասմուսեն

ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը անթույլատրելի է համարում այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները ԼՂ–ում առկա իրավիճակի համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը միջազգային խաղացողներին հորդորել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` ԼՂ–ի շարունակվող շրջափակման պատճառով։
«Եթե Բաքուն շարունակի անտեսել իր միջազգային պարտավորություններն ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, ապա պետք է քաղաքական և տնտեսական հետևանքներ լինեն», – Twitter–ի իր էջում գրել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։