756 անձի դասալքության համար մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազություն
10687 անձի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ այժմ դատարան է հասել ընդամենը 143 գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 44–օրյա պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 756 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը կապված ՀՀ վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի՝ 11 հազար դասալիքների մասին հայտարարության հետ։
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չէր մեկնաբանել վարչապետի կնոջ հայտարարությունը։
Դատախազության մեկնաբանությունում նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27–ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) դասալքության, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու և զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքելու համար հարուցվել է 1786 քրեական վարույթ։
«Հարուցվել է 1786 քրեական վարույթ` 10687 անձի վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում քրեական վարույթների թիվը 226 է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նույն ժամանակահատվածում, զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության համար մեղադրանք է առաջադրվել 132 անձի, զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար` 444 անձի։ Ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 756 անձի։
Այդ քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ 143 անձի վերաբերյալ։
«118 գործից 97–ը` 102 անձի վերաբերյալ եղել է զորամասը կամ ծառայության վայրը թողնելու, 2 գործ` դասալքության և 19 գործ` 39 անձի վերաբերյալ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պետական դավաճանության գործերով 53 անձ է անցնում, մեծամասամբ զինվորականներ են. վարչապետ
Դատարան ուղարկած 118 գործից 58 գործով` 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ` 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում։
Հիշեցնենք` ավելի վաղ Տավուշի մարզում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ Հակոբյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք ենք ունեցել՝ զինվորականներ, կամավորականներ, սպաներ և այլն: