ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մոսկվայում վաղը Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպում է նախատեսվում։ Այս մասին, Anadolu–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Վաղը Մոսկվայում նախատեսվում է անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների հանդիպումը», – ասել է թուրք նախարարը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ճանապարհային քարտեզը Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում է պահանջում։ Նրա խոսքով` փուլային բանակցություններ կանցկացվեն չորս երկրների պաշտպանության նախարարների, արտգործնախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մակարդակով։ Քննարկումների ժամանակ նախապատրաստական աշխատանքներ կտարվեն գագաթնաժողովի համար։