Սա պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը. Մանասյանը` Արցախում առկա իրավիճակի մասին

Անահիտ Մանասյան
ՄԻՊ–ը նշեց, որ բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում բարձրացնում է Արցախում ստեղծված իրավիճակի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արցախահայությունն էթնիկ զտման վտանգի առջև է կանգնած։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։
«Սա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլ միջազգային հանրության։ Ես փորձում եմ ամեն կերպ բարձրաձայնել այդ խնդիրները բոլոր դերակատարների հետ քննարկումների շրջանակներում։ Սակայն այս հարցում բոլորս մեր ջանքերը պետք է մեկտեղենք»,–ասաց Մանասյանը։
Ինչ վերաբերում է Տեղ համայնքում ստեղծված իրավիճակին, ապա ՄԻՊ–ը նշեց, որ այնտեղ շատ լուրջ խնդիրներ կան քաղաքացիների կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության տեսանկյունից։ Մանասյանի խոսքով` միջազգային գործընկերների հետ հանդիպման շրջանակում որպես առաջնահերթ խնդիր արծարծում է այս հարցը։

«Պետական մարմինների համար փաստաթղթեր են նախապատրաստվում, որ համատեղ ուժերով կարողանանք խնդրին լուծում տալ։ Փորձել եմ նաև խնդրի լուծման առաջարկներ գտնել և առաջիկայում դրանք կներկայացնեմ պետական մարմիններին։ Բացի այդ, միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատականներ տա»,–ասաց պաշտպանը։

Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ