Պետք է առաջ շարժվենք առանց նահանջելու մեր ինքնությունից և պատմությունից. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում. Արխիվային լուսանկար
Արմեն Սարգսյանի խոսքով` եթե 108 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը եղել է Օսմանյան կայսրությունում, ապա այսօր՝ Արցախում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայ ժողովուրդը պետք է կարողանա առաջ շարժվել առանց նահանջելու սեփական ինքնությունից ու պատմությունից։ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Նա նշել է, որ այսօր հայ ժողովուրդը ոգեկոչում է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:
«Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել են բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը։ Եթե 108 տարի առաջ դա եղել է Օսմանյան կայսրությունում, ապա այսօր՝ Արցախում»,–ասել է Սարգսյանը:
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։