ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ելույթ ունենալով «Знание.Первые» մարաթոնում, հրեշավոր սուտ է անվանել այն հայտարարությունները, թե Ռուսաստանն առանց որևէ պատճառի է սկսել Ուկրայինայում ռազմական հատուկ գործողությունը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, հազիվ թե արժե մանրամասն պատմել, ստի հսկայական ցուցակներ ներկայացնել ձեզ։ Ես կպատմեմ որոշ ամենաաղաղակող դեպքերի մասին։ Դե, առաջինը՝ Ռուսաստանն է մեղավոր այն ամենի համար, ինչ տեղի է ունենում։ Ագրեսիվ Ռուսաստանը, որը ռազմական հատուկ գործողություն է սկսել, որը ոչ մի բանով պայմանավորված չէր և որի համար ոչ մի պատճառ չկար։ Դա հրեշավոր սուտ է։ Ովքեր խոսում են այդ մասին, երբեք չեն պատմում ամբողջ նախապատմությունը և երբեք ցույց չեն տալի մեր նախագահին (Վլադիմիր Պուտինին,–խմբ.), երբ նա դա պատմում է։ Դա միայն մենք ենք տեսնում»,-ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ այդպիսին է այդ տեղեկատվական աշխարհը և այդպես է կառուցված տեղեկատվական հոսքերի տիրապետման արևմտյան մենաշնորհը` համաշխարհային մենաշնորհը, որն էրոզիայի է ենթարկվում և որը վաղ թե ուշ ցնցելու են ոչ միայն Ռուսաստանը, այլև իրենց նկատմամբ արդար վերաբերմունքի հարցում շահագրգռված մյուս երկրները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։