ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգիչ է համարում ԼՂ–ում հսկիչ-անցագրային կետի ստեղծումը

Ըստ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի`Եվրախորհրդի բոլոր մարմիններըպետք է տեղում գնահատեն իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում հումանիտար իրավիճակը Արցախում դուրս է երևակայության սահմաններկից։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Թվիթերյան էջում այս մասին գրել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Նա իր մտահոգությունն է հայտնել հսկիչ-անցագրային կետի ստեղծման կապակցությամբ։
Նշենք, որ Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է Հակարի գետի կամուրջն ու հայտարարել, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։
«Միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը էլ ավելի է վատթարացնում այնտեղ ստեղծված իրավիճակը։ Դա չի նպաստում վստահության ամրապնդմանը և լարվածության նվազեցմանը»,– ասել է նա։
Ըստ Մարիա Պեյչինովիչ Բուրիչի`Եվրախորհրդի մարմիններին պետք է հնարավորություն տրվի այցելել բոլոր տարածքներ, որտեղ գործում է իրենց մանդատը: Այս մասին էլ գրում է Առաջին ալիքի պաշտոնական կայքը։
«Որոշ մարմինների ներկայացուցիչներ ցանկացել են գնալ տարածաշրջան, քանի որ կողմերից հակասական տեղեկություններ են ստացվում: Կարծում եմ՝ լավագույն տարբերակն է նրանց թույլատրել տեղում գնահատելու իրավիճակը»,- ասել է նա։
Բուրիչը կոչ արել կողմերին շարունակել բանակցությունները`առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։