Ցեղասպանությունը հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ. Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը. Արխիվային լուսանկար
Լևոն Արոնյանն ընդգծել է, որ հիշում է իր նախնիներին, իր մշակույթը, իր հավատն ու հայ լինելու իմաստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը (հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո) «Ֆեյսբուքի» իր էջում Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել ու խոսել օրվա հետ կապված իր պատկերացումներից:
«Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Անձամբ ինձ համար մտորումների օր է, մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ: Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ»,–նշել է Արոնյանը:
Նա ընդգծել է, որ հիշում է իր նախնիներին, իր մշակույթը, իր հավատն ու հայ լինելու իմաստը:
«Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ»,–գրել է շախմատիստը։
Նա բոլորին կոչ է արել ապրել ու փորձել հիշել այն լավ բաները, որ իրենք արել են հայ ազգի և ամբողջ աշխարհի համար: