Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելը մարդկության նվազագույն պարտականությունն է. Դենդիաս

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիաս
Հունաստանի արտաքին գործերի նախարարը թվիթերյան իր էջում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված գրառում է արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանումն ամբողջ մարդկության նվազագույն պարտականությունն է։ Թվիթերյան իր էջում նման գրառում է արել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։
«Այսօր մեր մտքերը մեր հայրենիքում գտնվող և աշխարհասփյուռ հայության հետ են»,– գրել է նա։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։