ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. 1915-1923 թթ–ին սպանվածներն ու այդ տարիներին կատարված վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն: Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Ատելությունն ու բռնությունն այլևս երբեք չպետք է անտարբերությամբ ընդունվեն: Մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի ապահովելու, որ նման վայրագություններն այլևս երբեք չկրկնվեն, և դա սկսվում է խտրականության և ատելության դեմ արտահայտվելով»,– նշել է վարչապետը։
Նա հիշեցրել է, որ 2015 թվականին Կանադայի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու առաջարկը։ Սա, ըստ վարչապետի, երաշխիք է, որ ոճրագործությունն այլևս երբեք չկրկնվի:
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մարդկության պատմության ամենամութ էջերից է: Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, որոնքիրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ հզոր, բազմազան և ներառական երկիր ստեղծելու գործում»,– ասել է նա։
Կանադայի վարչապետը հավելել է, որ ակնկալիքը հիմա միայն խաղաղություն էն, փոխադարձ հարգանքը և արժանապատվությունը` մարդկանց և երկրների միջև։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։