ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Աշխարհը մոտեցել է վտանգավոր սահմանագծին այնպես, ինչպես սառը պատերազմի տարիներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է արդյունավետ բազմակողմանիությանն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պաշտպանությանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կրկին, ինչպես սառը պատերազմի տարիներին, մոտեցել ենք վտանգավոր գծի, գուցե ավելի վտանգավոր գծի։ Իրավիճակը սրվում է բազմակողմանիության հանդեպ հավատի կորստի պատճառով, երբ Արևմուտքի ֆինանսատնտեսական ագրեսիան ոչնչացնում է գլոբալիզացիայի բարիքները, երբ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները հրաժարվում են դիվանագիտությունից և պահանջում են հարաբերություններ պարզել մարտի դաշտում։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ-ի պատերից ներս, որը ստեղծվել է պատերազմի սարսափները կանխելու համար: Նրա խոսքով՝ պատասխանատու, ողջախոհ ուժերի ձայները, քաղաքական իմաստություն ցուցաբերելու, երկխոսության մշակույթը վերակենդանացնելու կոչերը խլացնում են նրանք, ովքեր միջպետական հաղորդակցության հիմնարար սկզբունքները խաթարելու ուղին են բռնել:
Նա կոչ է արել վերադառնալ ակունքներին՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների պահպանմանն իրենց ամբողջ բազմազանությամբ ու փոխկապակցվածությամբ։
Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ն գնում է գլոբալիզացիայի ոչնչացման։
«Անհնազանդներին պատժելու միջոցով իր գերիշխանությունը հաստատելու հուսահատ փորձով ԱՄՆ-ն գնում է գլոբալիզացիայի ոչնչացման, որը երկար տարիներ փառաբանվում էր որպես ամբողջ մարդկության գերագույն բարիք, որը սպասարկում է համաշխարհային տնտեսության բազմակողմ համակարգը»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և նրան ենթարկվող Արևմուտքը գործի են դնում իրենց «կանոններն» ամեն անգամ, երբ անհրաժեշտ է արդարացնել ոչ լեգիտիմ քայլերը նրանց դեմ, ովքեր իրենց քաղաքականությունը կառուցում են միջազգային իրավունքին համապատասխան և հրաժարվում են հետևել «ոսկե միլիարդի» շահադիտական շահերին:
Նա նշել է, որ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, սև ցուցակներ են մտցնում՝ ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է սկզբունքով: