Ապրիլի 24-ը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը. Մակրոնը հայերենով գրառում է արել

Էմանուել Մակրոնը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապրիլի 24–ի խորհրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Այսօր` ապրիլի 24-ին, Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայերենով գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա գրել է, որ դրա վկայությունն է նաև Հայաստանին Ֆրանսիայի վճռական և տևական աջակցությանը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ապրիլի 24-ը հայ ժողովրդի վերածննդի խորհրդանշական օրն է, ինչպես նաև զոհերի հիշատակի համար խորհելու օր։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։