Այսօր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտգործնախարարությունն ընդգծել է` հայկական հետքը վերացնելուն ուղղված ադրբեջանական գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում։
Sputnik
ԵՐԵՎԱն, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ այս հայտարարությունն արել է ՀՀ արտգործնախարարությունը։
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում»,– ընդգծել է գերատեսչությունը։
ԱԳՆ–ն վերահաստատել է իր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։