Ադրբեջանը Հակարի գետի կամուրջը փակել է չհամաձայնեցված գործողությունների արդյունքում. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. 2023թ.ապրիլի 23-ին, միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմը փակել է երթևեկությունը Լաչինի միջանցքում ՌԴ զորակազմի թիվ 1 դիտակետի տարածքում` Հակարի գետի կամրջի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ–ի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման դեպք է արձանագրել, տուժածներ չկան։
«ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տվյալ փաստերի առիթով հետաքննություն է իրականացնում»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ–անցագրային կետ է տեղադրել։