Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ

Ծիծեռնակաբերդում Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադառնալով ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին անցակետ տեղադրելու հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մայր Աթոռը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ գործողությունները։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` անդրադառնալով այն հարցին, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։
«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր և դատապարտելի այդ գործողության մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ։ Նպատակը շատ հստակ է` հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին։ Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որը պարբերաբար Արցախում իրականացվում է մեր ժողովրդի զավակաց նկատմամբ»,– նշեց կաթողիկոսը։
Նա խոսք ուղղեց Արցախի հավատավոր ժողովրդին` հորդորելով զորեղ մնալ հավատքով, ամուր` հոգով և կամքով, ինչպես նաև իրենց բնորոշ արիությամբ։ Գարեգին Երկրորդն ընդգծեց` Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարողանալ դիմագրավել այս փորձությանը։ Կաթողիկոսը վստահ է` ազգի համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պետք է ապահովել արցախցու ազատ, ապահով և անվտանգ կյանքը։
Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։