ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մայիսի 1-ին նոր հանդիպում կանցկացնի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնել է լրագրող Ռուդի Գալետին։
Ապրիլի սկզբին լրատվամիջոցները գրել էին, որ «Ալ-Հիլալը» Մեսսիին առաջարկել է տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձ, ինչը արգենտինացուն կդարձնի ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Կողմերի միջև բանակցությունները կանցկացվեն Փարիզում։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից, քանի որ մտադիր չէ համաձայնել ակումբի առաջարկած աշխատավարձի 75 տոկոս կրճատմանը: 35-ամյա արգենտինացու հաջորդ հավանական կանգառների թվում է նաև նրա նախկին ակումբը՝ «Բարսելոնան»:
Հիշեցնենք` 2021թ.–ին հայտնի դարձավ, որ Լիոնել Մեսսին հեռանում է իր 20 տարվա ֆուտբոլային ակումբից` «Բարսելոնա»–ից և տեղափոխվում է ֆրանսիական ՊՍԺ։ Մեսսին ավելի վաղ համաձայնել էր կնքել նոր պայմանագիր «Բարսելոնա»–ի հետ, համաձայն որի` նրա աշխատավարձը պետք է 50 տոկոսով կրճատվեր ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով։ Սակայն վերջում ֆուտբոլիստը հետ կանգնեց իր որոշումից։Հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ Մեսսին անգամ չէր կարողացել զսպել արցունքները։
Մեսսին երկու տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ–ի հետ` տարեկան 41 միլիոն դոլար աշխատավարձով։
Հավելենք, որ 2022 թ.–ի մայիսի Լիոնել Մեսսին դարձավ Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության դեսպանը։ 2021թ.–ի հունվարին լրատվամիջոցները հայտնել էին, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որին Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության դեսպանի պաշտոնի համար երկրի իշխանությունները տարեկան մոտ 6 միլիոն եվրո էին առաջարկում, հրաժարվել է այդ կարգավիճակից։