ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Արցախում Հակարի գետի կամրջի մոտ ադրբեջանական կողմն անցակետ է տեղադրել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացված են այս մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը փակել է Հակարիի կամուրջը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրատապ հրավիրել` ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Այս ճանապարհը փակելով կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։