ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանը 2023 թվականին ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճի կարող է հասնել իներցիայով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը
Նրա խոսքով՝ 2022 թվականի սկզբին Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ գնահատականները նույնպես այնքան էլ լավատեսական չէին։ Եվ չնայած օբյեկտիվ նախադրյալների բացակայությանը, հաշվի առնելով Ռուսաստանից դրամական միջոցների հոսքը, Խաչատրյանն այն ժամանակ էլ կանխատեսում էր բարձր աճ։ Դոլարային արտահայտությամբ 2022 թվականին ՀՆԱ-ն հասել է 21 մլրդ դոլարի, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։
«Ինչ վերաբերում է Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներին, ըստ որոնց ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 5,5-5,7 տոկոս, ապա դա, այսպես ասենք, իրատեսական է նույնիսկ «իներցիոն» սցենարում։ Քանի որ 2022 թվականին մենք բավականին բարձր ցուցանիշ ենք ապահովել, ապա այս տարի ևս այս հենքի վրա բարձր աճի հասնելը բավականին դժվար է։ Ուստի նման գնահատականը հիմնվում է օբյեկտիվ գործոնների վրա»,- ասաց Խաչատրյանը։
Սովորաբար, ըստ նրա, բարձր աճին հաջորդող տարին ցածր ցուցանիշ է լինում։ Բայց պետք է հուսալ, որ տնտեսական իրավիճակը հօգուտ Հայաստանի կլինի, և, օրինակ, զբոսաշրջիկների թվի աճը թույլ կտա ապահովել ոչ միայն կանխատեսված, այլև ավելի բարձր տոկոս։
Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականին, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, աճել է 12,6 տոկոսով։ 2023 թվականի կառավարության բյուջեով նախատեսված է 7 տոկոս աճ, իսկ Կենտրոնական բանկն ակնկալում է 5,8 տոկոս աճ։