ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Բուլղարիան ներկայացնող հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ Էդմոնդ Նազարյանը Զագրեբում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
60 կգ քաշային կարգում եզրափակիչ գոտեմարտում Էդմոնդը 9:0 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Չոբանուին:
Նշենք, որ կիսաեզրափակիչում Նազարյանը հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանին:
Էդմոնդ Նազարյանը 21 տարեկան է։ Նախորդ տարի նա Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ: Իսկ 2020 թվականին Իտալիայի Հռոմ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ` 55 կգ քաշային կարգում:
Հավելենք, որ Էդմոնդ Նազարյանը անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է:
Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Եվրոպայի վեցակի չեմպիոն է (1994, 1995, 1998, 1999, 2002, 2003), աշխարհի եռակի չեմպիոն (2002, 2003, 2005), կրկնակի օլիմպիական չեմպիոն (1996, 2000): Այսօր նա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է: