Երևանում լուրջ ժամանակակից երաժշտություն է ստեղծվում. DJ Սերժո

DJ Սերժոն պատմել է իր նախագծերի հաջողության գաղտնիքի մասին, կիսվել է կարիերայի աստղային ժամանակի հիշողություններով, բացահայտել իր երաժշտական նախասիրությունները, և ոչ միայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևանում լուրջ ժամանակակից երաժշտություն է ստեղծվում, որն ամոթ չէ ներկայացնել օտարերկրյա հյուրերին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ամենահայտնի դիջեյ և երաժշտական պրոդյուսեր DJ Սերժոն (Սերժ Սիմոնյան)։
«Երաժշտական ոլորտը հաստատ հետընթաց չի ապրում։ Բազմաթիվ ակումբային և այլ արտիստներ կան, որոնք մեծ լսարան ունեն և որակյալ երաժշտություն են ստեղծում»,—ասաց նա։
Սերժոն պատմում է, որ ինքը երաժշտական ոլորտ է եկել հայ երիտասարդների համար այլընտրանքային երաժշտություն ստեղծելու երազանքով: Արտիստը խոստովանում է, որ երբեմն հպարտության զգացում է ունենում, երբ ռադիոյով լսում է իր առաջին հիթերը։ Նրա համոզմամբ՝ իր մասնակցությամբ բոլոր հայտնի նախագծերը՝ «Հայ տղեք»-ը, «Մի քանի հոգի»-ն, Արամ MP3-ի և Իվետա Մուկուչյանի զուգերգերի շարքը կայացել են հենց լավ երաժշտություն ստեղծելու ցանկության շնորհիվ։
Աշխարհի ամենահայտնի երգիչը Կանադայից է
«Վերջերս ելույթի ժամանակ նկատեցի, որ դահլիճը մաքսիմալ ոգևորված է, ներկաների մեծ մասը ձայնակցում են, և հասկացա, որ ճիշտ ուղղությամբ եմ աշխատել»,-նշեց դիջեյը:
Սերժոն վստահեցնում է, որ բեմում լինելու գրեթե 20 տարվա ընթացքում երբեք չի մտածել լքել այն։ Երբեմն ֆիզիկապես հոգնել է բարձր երաժշտությունից, բայց քաղաքից դուրս անցկացրած ընդամենը մի քանի օրը օգնել են վերականգնվել և «շարք» վերադառնալ: Ի դեպ, նա յուրատեսակ հանգիստ է համարում նաև ոչ ակումբային ելույթները։ Իսկ որպես իր հաջողության գլխավոր գաղտնիք դիջեյը միաժամանակ մի քանի գործոն է նշում։
«Դիջեյը պետք է երեք հատկանիշ ունենա՝ ճաշակ, երաժշտության հանդեպ հետաքրքրություն և աշխատասիրություն։ Երաժշտական կրթությունը երկրորդական է, կարևորն այն է, որ «սլուխ» (լսողություն) ունենա»,-կարծում է նա։
Ինչ վերաբերում է երաժշտական ճաշակին, ապա Սերժոն, իր իսկ խոստովանությամբ, շատ տարբեր երաժշտություն է լսում, բայց միշտ վերադառնում է Led Zeppelin խմբի «Kashmir» ալբոմին։ Բացի այդ, 1937-1946 թվականների ջազ երաժշտության եզակի հավաքածու է ստեղծում:
«Կուզեի լինել այդ շրջանի Փարիզում ու Չիկագոյում և զգալ այդ ժամանակների մթնոլորտը»,-խոստովանում է երաժիշտը:
Սերժոն նշում է, որ աստղային հիվանդությամբ չի տառապում, թեև շատ արագ հանրաճանաչ դարձել և տարիներ անց շարունակում է պահանջված մնալ։
DJ Սերժո
Նրանով սկսեցին հետաքրքրվել հենց առաջին՝ «Վասպուրական» հիթից հետո, իսկ «Ամառ ա» երգից հետո նրան սկսեցին ճանաչել փողոցում։ Բայց նրա կյանքում դա գրեթե ոչինչ չի փոխել։ Ավելին, երբեմն ժողովրդականությունը խանգարել է հարաբերություններ կառուցելուն:
«Հիմա իմ երիտասարդ գործընկերներից ոմանց համար գլխավորը իմիջն է, աշխատանքի որակը երկրորդ պլանում է։ Մեզ համար միշտ առաջնային է եղել երաժշտությունը, իսկ մնացած ամեն ինչը բոնուս է եղել»,-նկատեց նա։
Իր առաջին՝ «Տժվժիկ» ալբոմը Սերժոն ստեղծել է 2006 թվականին։ Դա առաջին հայկական ալբոմն էր «հաուս» ոճի ստեղծագործություններով և այն ժամանակվա համար բացարձակ հեղափոխություն դարձավ։ 2010 թվականին Սերժողն թողարկեց հայկական ակումբային երաժշտության առաջին ալբոմը։
Վերջին տարիներին արտիստը կենտրոնացած է երաժշտություն գրելու վրա, նաև ելույթ է ունենում զանազան մոդայիկ նախագծերի շրջանակներում։