ԵԱ. Վարազդատ Լալայանը նվաճեց արծաթե, Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալ

Վարազդատ Լալայան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի արդյունքում գրավեց առաջին տեղը 4 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկամարտի 474 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց վրացի Լաշա Տալախաձեն։ Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը 462 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 440 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալը։
Պոկում վարժությունում առաջին մոտեցման համար Մարտիրոսյանը պատվիրել էր 190կգ, իսկ Լալայանը՝ 200կգ, Տալախաձեի պատվերն ամենաբարձրն էր՝ 210կգ։ Սիմոնը գերազանց կատարեց առաջին մոտեցումն ու ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։ Երկրորդ մոտեցումը նույնպես հաջողված էր (195 կգ), իսկ արդեն 200կգ-ոց երրորդ մոտեցումը Սիմոնի մոտ չստացվեց։
Վարազդատ Լալայանը իր առաջին մոտեցման համար պատվիրեց 205կգ։ Հրաշալի արդյունք տեսանք Լալայանի կատարմամբ։ Տալախաձեն պատասխանեց 210 կգ քաշը բարձրացնելով։ Լալայանը պատվիրեց 212կգ։ Հայ ծանրորդը հստակ աշխատեց։ Տալախաձեն մոտեցավ 217 կգ-ին և հանգիստ ֆիքսեց քաշը գլխավերևում։ Լալայանը ձախողեց երրորդ մոտեցումը, ինչը նշանակում էր, որ հայ ծանրորդը նվաճեց արծաթե մեդալ։ Իսկ Տալախաձեն երրորդ մոտեցումով բարձրացրեց 222կգ քաշը և նվաճեց ոսկե փոքր մեդալը։ Ուրվագծվեց երկամարտի մրցանակային եռյակը։
Սիմոն Մարտիրոսյան
Հրում վարժությունում էլ ըստ նախնական պատվերներ մրցանակային եռյակը նույն տեսքը պետք է ունենար՝ Տալախաձե, Լալայան, Մարտիրոսյան։ Մնում էր արձանագրել։
Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունը սկսեց 235 կգ-ից։ Լալայանը գլխավերևում պահեց 240 կգ քաշը։ Երկամարտում մեդալներն ապահովված էին։ Սիմոնը երկրորդ մոտեցումով գրանցեց 245կգ արդյունքը։ Տալախաձեն բարձրացնելով 246 կգ-՝ը ապահովագրեց երկամարտի արդյունքը։ Սիմոնը հրաժարվեց երրորդ մոտեցումից, իսկ Լալայանը ձախողեց երկրորդ մոտեցումն ու նորից մոտեցավ 250 կգ-ին։ Եվ կռիվ տալով ծանրաձողի հետ գլխավերևում պահեց քառորդ տոննա քաշը։ Իսկ Տալախաձեն եզրափակեց Եվրոպայի առաջնությունե 252 կգ-ով։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի արդյունքում գրավեց առաջին տեղը 4 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե մեդալներով։