ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ում ցույց տվեցին, թե ինչ արժեն խոսքի ազատության պաշտպանության մասին իրենց հայտարարությունները, Ռուսաստանը չի մոռանա և չի ների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար ռուս լրագրողներին ԱՄՆ մուտքի արտոնագրեր չտրամադրելը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ամենակարևորը, վստահ եղեք` չենք մոռանա, չենք ների»,-ասել է Լավրովը տեսանյութում, որն իր Telegram-ալիքում տեղադրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Լավրովն ընդգծել է, որ երկիրը, որն իրեն ամենաուժեղը, ամենախելացին, ամենաազատն ու ամենաարդարն է անվանում, վախեցել է:
«Մի խոսքով, հիմարություն արեց, նաև ցույց տվեց, թե իրականում ինչ արժեն խոսքի ազատության պաշտպանության, տեղեկատվության հասանելիության մասին նրանց երդումնախառն հավաստիացումները և այլն»,-նշել է նա:
Դիմելով լրագրողներին` Լավրովը հավելել է, որ ՌԴ ԱԳՆ-ն ստիպված կլինի աշխատել ռուս լրագրողների փոխարեն, որոնց ամերիկյան վիզաներ չեն տրամադրել, «ավելի շատ էներգիա ցուցաբերել, ավելի շատ ուժ գործադրել ճշմարտությունը համաշխարհային հանրությանը հասցնելու համար»:
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՄԱԿ-ի ԱԽ աշխատանքներին մասնակցելու համար Սերգեյ Լավրովին ուղեկցող ռուս լրագրողներին ԱՄՆ մուտքի արտոնագրեր չտրամադրելը խոսքի ազատության և լրագրողների իրավունքների թեմայի մանիպուլյացիա է: