Ադրբեջանը փակել է Հակարի գետի կամուրջը. Արցախում ԱԽ հրատապ նիստ է հրավիրել

Ադրբեջանը փակել է Հակարի գետի կամուրջը. Արխիվային լուսանկար
Անվտանգության խորհրդի հրատապ նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակն ու Արցախի իշխանությունների քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` նշելով, որ կամուրջը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցքում»:
Ինչպես տեղեկացնում են շտաբից, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Քննարկվելու են վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները։
«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Հակարիի կամրջով կապ էր ապահովվում Հայաստանի և Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի միջև։ Փաստացի հիմա փակվեց Արցախին և Հայաստանին կապող նաև այս ճանապարհը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։