120 հազար հայ պատանդ է. Մարուքյանը` Արցախում ադրբեջանական անցակետի մասին

Ադրբեջանական անցակետ Հակարիի կամրջի վրա՝ Լաչինի միջանցքում
Ադրբեջանի իրականացրած նախկին վայրագությունների նկատմամբ միջազգային հանրության հանդուրժողականության հետևանքով Ադրբեջանը նոր սադրանք է իրականացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 120 հազար խաղաղ հայեր Լեռնային Ղարաբաղում պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից, ու դա տեղի է ունենում միջազգային հանրության լուռ դիտարկման ներքո։ Twitter–ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Մոտ 2 տարի է անցել այն օրվանից, երբ մենք տագնապով հայտնում ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այսօր Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետ է տեղադրում, ինչը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է»,– գրել է Մարուքյանը:
Մարուքյանը շեշտում է, որ ստեղծված իրավիճակն արդյունք է մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումներին միջազգային հանրության` արձագանքելու անկարողության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացված նախկին վայրագությունների նկատմամբ հանդուրժողականության:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմն այսօր փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է` նշելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ։ Այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։