Սանկտպետերբուրգցի կինը արժեքավոր ցուցանմուշներ է նվիրել Արամ Խաչատրյանի թանգարանին

Արամ Խաչատրյանի տուն–թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով
Թանգարանին ի պահ հանձնված լուսանկարներն արվել են կոմպոզիտորի` Լենինգրադում գտնվելու ժամանակ հեռուստատեսությունում հյուրընկալվելիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ֆոնդային հավաքածուն հարստացել է ևս մի քանի ցուցանմուշով: Տեղեկությունը հրապարակվել է տուն–թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ նյութերը տուն-թանգարան է ուղարկել Լադա Ելեցկայան Սանկտ Պետերբուրգից:
«Դրանք նամակներ են, ինքնագրով բուկլետ, լուսանկարներ, որոնք արվել են Արամ Խաչատրյանի՝ Լենինգրադում գտնվելու ժամանակ հեռուստատեսությունում հյուրընկալվելիս: Նվիրատուի մայրիկը հեռուստատեսային ռեժիսոր էր, աշխատել և հաղորդումներ է պատրաստել դասական երաժշտության մասին։ Դրանցից մեկը նվիրված է եղել Արամ Խաչատրյանին։ Հենց այս ընթացքում է վերջինս հանդիպել մաեստրոյի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Թանգարանի տնօրինություն շնորհակալություն է հայտնել Լադա Ելեցկայային թանկարժեք նվերի համար և վստահեցրել, որ այդ ցուցանմուշներն իրենց արժանի տեղը կգտնեն թանգարանի ֆոնդային արխիվում: