Կրոնական երկխոսության վառ օրինակ. Նիկոլ Փաշինյանն ուղերձներ է հղել Իրանի առաջնորդներին

Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսի
Հհ վարչապետը հարատև խաղաղություն է մաղթել Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ–իրանական հարաբերությունները առաջիկայում կնվաճեն նոր հորիզոններ։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է իսլամական Ֆեթր տոնի առթիվ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղած շնորհավորական ուղերձներում:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր ներկայանալով որպես քրիստոնեության և իսլամի արդյունավետ երկխոսության վառ օրինակ, առաջիկայում կնվաճեն նոր հորիզոններ՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հանուն տարածաշրջանային կայունության»,– ասված է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում:
Առիթը պատեհ համարելով՝ Փաշինյանը արևշատություն և քաջառողջություն է մաղթել Խամենեիին։
Նա հայ–իրանական հարաբերությունների մասին է խոսել նաև Իրանի նախագահին ուղղված ուղերձում։
«Հազարամյակների հարուստ պատմության վրա խարսխված և անշեղորեն զարգացող մեր երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար այսօր առկա են բոլոր նախադրյալները: Լիահույս եմ, որ քաղաքական կամքի և կայուն փոխգործակցության շնորհիվ ականատեսը կլինենք մեր երկու երկրների համագործակցության ընդլայնման՝ հանուն հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային անվտանգության»,– նշել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը Ռայիսիին մաղթել է նորանոր ձեռքբերումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն։
ՀՀ–ն ու Իրանը կհակազդեն թուրք–ադրբեջանական և իսրայելական ագրեսիային, եթե նրանց միանա ՌԴ–ն