ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Այսօրվա դրությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ֆրանսիացի ժողովրդի միջև լիակատար անջրպետ է առաջացել։ Այս հայտարարությունն արել է երկրի խորհրդարանում ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Խնդիրն այն է, որ Էմանուել Մակրոնն ամբողջությամբ «բարիկադավորվել» է, նա այլևս չի կարող լքել Ելիսեյան պալատը՝ առանց հարուցելու մարդկանց զայրույթը։ Նա հրաժարվում է լսել այդ մարդկանցկանց և հարգել նրանց կամքը։ Այնպես որ նա է ծնել այս զայրույթն ու քաոսը: Այսօր Էմանուել Մակրոնի և ֆրանսիացիների միջև կապը լրիվ խզվել է», - հայտարարել է Լը Պենը BFMTV հեռուստաալիքի եթերում:
Նա հիշեցրել է, որ ժողովրդավարությունը սեփական ժողովրդի կարծիքը հարգելն է։
«Էմանուել Մակրոնը կորցնում է ժողովրդականությունը, քանի որ չի հարգում ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդն ասում է, որ չի ցանկանում այդ բարեփոխումը, ապա այն պետք է հետաձգել»,- կարծում է քաղաքական գործիչը ։
Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել էր կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ 62–ից հասցնելով 64 տարեկանի։ Սակայն այդ բարձրացումը պետք է լինի աստիճանաբար, և գործընթացը կավարտվի 2030 թվականին։ Նոր ռեժիմը կկիրառվի 1961 թվականի սեպտեմբերից հետո ծնվածների համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել մինչև իր երկրորդ մանդատի ավարտը։
Բարեփոխումը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։
Ապրիլի 14-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխումների մասին օրինագծին։
Սահմանադրական խորհրդի որոշման հրապարակումից հետո ֆրանսիական արհմիությունները կոչ են արել մայիսի 1-ին «բացառիկ և ժողովրդական» բողոքի ակցիա կազմակերպել: