ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներից մի քանիսն արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովում հնչեցրած արտահայտությանը` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ։
Փաշինյանը խորհրդարանում ընդգծել էր, որ սա հայտարարություն է` համաձայն քրիստոնեական տեսության, և այն ապացուցելու համար մեջբերել էր Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատված, որտեղ ասվում է. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»։
Այս հայտարարությունը, որը հենց Փաշինյանն էլ աղմկոտ որակեց, իրոք աղմուկ բարձրացրեց հոգևորականների շրջանում, որոնցից մի քանիսը նաև գրառումներ են կատարել «Ֆեյսբուքի» իրենց էջերում։
«Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի» խոսքը փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում
Տեր Զարեհ Աշուրյանն իր գրառումը սկսել է այսպես.«Հենց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22)։ Նա ընդգծել է, որ Պողոս առաքյալի «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի» արտահայտության փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում։
Նա հարցադրումներ է արել Փաշինյանին ու մասնավորապես նշել` եթե «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ապա այդ դեպքում՝
1.
Ինչո՞ւ Դուք գլխավորեցիք հանրապետության 3-րդ նախագահին իշխանազրկելու նախաձեռնությունը և «մերժեցիք Սերժին»,2.
Ի՞նչ հիմքով եք դատում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,3.
Եվ վերջապես ինչո՞ւ եք անտեսում հոգևոր իշխանությունը, Հայոց Եկեղեցին:«Եթե անկախ Հայաստանի «ամենահոգևոր» և «ամենահավատացյալ» վարչապետն իրոք հավատում է, որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ուրեմն Փաշինյանն ինքն «Աստծուն է հակառակվում» ի դեմս 2 նախագահի: Ինչ վերաբերում է սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի մյուս հայտարարությանը, թե «թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի», ապա նշենք, որ եկեղեցին, այս դեպքում Հայոց Եկեղեցին, քանի որ ենթադրում ենք նա իր կոչը Հայոց Եկեղեցուն է ուղղել, իր հավատի մասին մտածել է Դ-Ե դարերում (4-5-րդ դարերում,– խմբ.) արդեն, որին կարող է ծանոթանալ 3 տիեզերաժողովի կանոնների միջոցով: Հայոց Եկեղեցու հավատքն էլ ենթակա չէ վերատեսության, ինչպես նաև եկեղեցու մասին Պողոս առաքյալի բնորոշումը (համեմատել է Քրիստոսի մարմնի հետ,– խմբ.)»,– գրել է Տեր Զարեհը:
Նրա կարծիքով` Փաշինյանը հավանաբար մոռացել է, որ «եկեղեցի» բառը հուն. εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով բառից է ծագում, և այն որևէ ձևով նույնական չէ հոգևոր դասի հետ: Այլ խոսքով՝ Քրիստոսի անունով հավաքված ժողովուրդն է եկեղեցին, և ստացվում է, որ հավատացյալ ժողովո՞ւրդը պիտի մտածի իր հավատի և էության մասին։
Հոգևորականը նկատել է, որ Պողոս առաքյալի խոսքը, թե «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված…» (Հռոմ. 13.1), միայն աշխարհիկ իշխանությանը չի վերաբերում, այլ իշխանությանն առհասարակ:
Ամփոփելով իր միտքը` Տեր Զարեհն ընդգծել է, որ Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությանը հետևելու պարագայում ստացվում է, որ Եգիպտոսից փախչող իսրայելացիները պետք է հնազանդվեին փարավոնին և առնվազն կոտորվեին, որ Հիսուսին խաչողները աստվածային իշխանությամբ են առաջնորդվել, որ 1915 թ. հայոց ցեղասպանությունը ոչ ավել ոչ պակաս Աստծու կամքն էր:
Փաշինյանը հանդես է գալիս աստվածաշնչական տեղիների կամայական, սխալ մեկնաբանությամբ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը վստահ է` հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն։
«Հայոց պատմության մեջ կար երանելի ժամանակ, երբ հայոց թագավորներն ու իշխանները՝ Հայաստանի ղեկավարները, Աստվածաշնչից տեղիներ էին մեջբերում ոչ թե իրենց սին հպարտությունն ի ցույց դնելու, այլ օտարաց առջև իրենց հարազատ, ազգային եկեղեցին ու սուրբ հավատքը պաշտպանելու համար: Կարիք չկա, որ որևէ մեկը, այս դեպքում ՀՀ վարչապետը, ընկնելով բողոքական հորձանուտի մեջ՝ հանդես գա աստվածաշնչական տեղիների կամայական, սխալ մեկնաբանությամբ... Ցավալի իրավիճակ է, շատ-շատ ցավալի»,– գրել է Հայր Ասողիկը:
Նա ընդգծել է, որ ՀԱԵ–ն իր ամեն գործը, խոսքը կատարում ու հնչեցնում է ի շահ հայ ժողովրդի և ի շինություն ու հարատևում Հայաստան աշխարհի: Մայր աթոռի միաբանը նշել է, որ ոչ ոք, ամենապարզ քաղաքացուց մինչև վերին պաշտոնյան, սուրբ եկեղեցուց առավել չգիտի խաղաղության խորհուրդն ու արժեքը։
Հայր Ասողիկը վստահ է` իշխանության ծանր բեռը կրող ամեն ոք պետք է տեսիլք ու երազ ունենա, և այդ ամենը պետք է ներդաշնակ լինի համազգային տեսիլքին ու երազին, հակառակ դեպքում տվյալ իշխանավորը չի կարող ծառայել ազգի գերագույն շահերին, չի՛ կարող տեր ու պաշտպան լինել իր ազգային հաստատություններին ու ժառանգությանը:
«Հայ իրականության մեջ միայն Հայոց Եկեղեցին քաջ գիտե հարազատ երկրի, հայրենի ինքնիշխան պետության խորհուրդը, արժեքն ու կենսական անհրաժեշտությունը: Արդ, պատվարժան իշխանավորներ, մինչ ձեզ տրված ժամանակավոր իշխանության մասին ճառելը, նախ խոսեցեք ձեր այն գործերի մասին, որոնք ուղղված են ի շինություն Հայաստան երկրի, ի պայծառություն ազգային կյանքի, ի նպաստ հայոց հոգևոր, մտավոր ու մարմնավոր անվտանգության: Եթե, արդարև, լինեին այդ գործերը, չէին լինի այս օրերին հնչած Ձեր ունայն խոսքերը...»,– գրել է հոգևորականը։
Նա ՀՀ իշխանությանը հորդորել է վերջ տալ մանկամտությանը, խլությանն ու համատարած վատությանը և, որպես Մայր Եկեղեցու հարազատ զավակներ, լսել աշխարհի քաոսում բարձր հնչող Սուրբ Էջմիածնի արդար և արթնացնող խոսքերը:
«Ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»
Վահրամ ավագ քահանա Մելիքյանն էլ է Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել Պողոս առաքյալի խոսքերով, այն է` «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի》(Ա Կորնթ. 10։12)։
Նա նաև նշել է` զգույշ եղեք, իմ բարեկամներ, գայթակղության չտրվեք, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծուց է (հմմտ. Հակ. 1։13)։