Հայաստանի և Ադրբեջանի դեպքում ԱՄՆ–ի «բլիթը» չի աշխատում. Լուկյանովի հարցազրույցը

Ֆյուդոր Լուկյանով
Չնայած ուկրաինական գործերով զբաղված լինելուն` Ռուսաստանը պահպանում է ազդեցության լծակները Հարավային Կովկասում։ Գուցե ոչ այնքան ցանկալի չափով, բայց դրանք կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Հարավային Կովկասում Ռուսաստանի և ԱՄՆ–ի մրցակցության ու հնարավորությունների, Երևան–Մոսկվա–Թեհրան պայմանական «եռանկյունու» հեռանկարների և հարակից այլ խնդիրների մասին։ Զրուցել է Աշոտ Սաֆարյանը։
– Ամերիկացիները վերջին շրջանում բավական ակտիվացել են հայ–ադրբեջանական բանակցային գործընթացի հարցում... Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված։ Արդյոք ԱՄՆ–ն ձգտում է Մոսկվայից ամեն գնով խլել միջնորդական նախաձեռնությունը, հակամարտության մոդերացիան ամբողջությամբ իր վրա վերցնել։
– Որ ԱՄՆ–ն ու ԵՄ–ն մեծ ակտիվություն են դրսևորում, լիովին բնական է։ Ռուսաստանն այժմ գտնվում է նրանց հետ սուր հակամարտության, առճակատման մեջ, ոմանք այն հիբրիդային պատերազմ են անվանում։ Այնուամենայնիվ, անհաշտ վիճակ է։ Քաղաքականությունն ամեն դեպքում ռազմական է, այսպես ասենք։ Այդ առումով տարօրինակ կլիներ, եթե Վաշինգտոնն ու Բրյուսելը չփորձեին օգտագործել այն կետերն ու օջախները, որտեղ իրենց պատկերացմամբ Ռուսաստանի դերը նվազեցնելու հնարավորություն կա։ Սա` առաջինը... Երկրորդ` Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև մի կողմից, և, ի դեպ, Ադրբեջանի և Իրանի միջև մյուս կողմից, ունի հետագա սրացման, լարվածության աճի միտում։ Այս պայմաններում հակամարտության լուծմանն ուղղված որոշակի ջանքերի պահանջարկ կա։
ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը լիովին բխում է Հայաստանի շահերից. Արեշև
Մենք Երևանի և եվրոպական գործընկերների որոշակի փոխգործակցություն ենք տեսնում, ինտենսիվ շփումներ կան ԱՄՆ–ի հետ, բնականաբար, գործընթացներ են տեղի ունենում Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի հետ... Այդ իսկ պատճառով մրցակցությունն այստեղ ինքնին բնական է։ Միևնույն ժամանակ հակամարտության կարգավորման որևէ հեռանկար չի երևում, ավելի շուտ հակառակը` իրավիճակը շարունակելու է լարվել։ Այստեղ այլ հարց է առաջանում, շատ ավելի կարևոր` իսկ ո՞վ ընդհանրապես կարող է ինչ–որ բան անել։ Կոնֆլիկտային իրավիճակում որպես երրորդ կողմ կամ միջնորդ ներգրավվելը հնարավոր է, և Եվրոպական միությունը, ըստ էության, հասավ դրան։ Եվ ի՞նչ։
Ազդեցության որևէ լծակ չկա։ Եվ բավական արագ, ըստ իս, նույն հայկական կողմը հուսահատվելու է իրական հնարավորությունների առումով։ Դիվանագիտական խաղեր խաղալ «վերևից», նույնիսկ կողքին գտնվելով, կարող են բոլորը, ի սեր Աստծու... Բայց իրականում ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Ռուսաստանը իր համար ներկայիս դժվար իրավիճակում, երբ առաջնահերթությունն այլ գոտում է, և այնտեղ են ուղղված բոլոր ջանքերը, այնուամենայնիվ մեծ գործիքակազմ ունի իրավիճակի վրա ազդելու համար։ Գուցե ոչ այնքան ազդեցիկ, որքան կցանկանային մասնակիցները...
– Առաջին հերթին` Հայաստանը։
– Հայաստանը` առաջին հերթին, բայց Ռուսաստանն էլ։ Ի դեպ, Ռուսաստանը մեծ հաճույքով ավելի ակտիվ կմասնակցեր այդ գործընթացներին...
Հիմա ուրիշներն այդ լծակները չունեն։ Ի՞նչ ունի ԱՄՆ–ն։ Մտրակ ու բլիթ։ Բլիթը բոլոր կողմերին գումար խոստանալն է` իբր դուք այդտեղ հանդարտվեք, իսկ մենք ձեզ նյութապես կերջանկացնենք։ Կարծում եմ, որ հայ–ադրբեջանական այսպիսի սուր և խոր հակասությունների մեջ նման քաղցրաբլիթները չեն աշխատում։ Ինչ վերաբերմունք էլ լինի հակամարտության այս կամ այն մասնակցի նկատմամբ, ինչպես մեկը, այնպես էլ մյուսը կարծում են, որ կան բաներ, որոնք ո՛չ վաճառվում են, ո՛չ գնվում։ Համենայնդեպս ես այդպես եմ կարծում։
Ինչ վերաբերում է մտրակին, ապա ԱՄՆ–ն անմիջական ռազմական ներկայություն չունի։ Եվ միակ բանը, որ մնում է, պատժամիջոցներն են, որոնք Վաշինգտոնն այսօր աջ ու ձախ կիրառում է։ Կարելի է, իհարկե, դատողություններ անել այն մասին, ամերիկացիներն իրենց խորամանկ, թիրախային միջոցներով Բաքվին մի կողմ կուղղեն, Երևանին` մեկ այլ կողմ, կամ հակառակը` թե՛ մեկին, թե՛ մյուսին նույն կողմ։ Սակայն կարծում եմ` պատժամիջոցային գործիքները վերջին շրջանում սկսել են ազդեցություն չունենալ։ Նրանք շատ ակտիվ են դրանք կիրառում ամենուր։
Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ. Կովաչև
– Բայց դրանք Ռուսաստանի դեպքում ազդեցություն չեն ունենում, քանի որ հսկայական տնտեսություն ունի։ Ադրբեջանի պարագայում կարող էր ավելի հեշտ լինել, պատժամիջոցներն ավելի մեծ ազդեցություն կունենային` հաշվի առնելով նրա խոցելիությունը։ Այնպես չէ՞։
– Ազդեցություն կարող են ունենալ, Ռուսաստանի դեպքում էլ հետևանքներ կան, ինչ մեղքներս թաքցնենք։ Ես այլ բանի մասին եմ խոսում, որ պատժամիջոցների կիրառումը, ինչպես տեսնում ենք բազմաթիվ պետությունների օրինակով, «ապաշխարության» և տարվող քաղաքականության փոփոխման չի հանգեցնում։ Մենք նման բան չենք տեսնում ոչ մի տեղ։ Առավելագույնը, ինչ տեղի է ունենում, դեկլարատիվ համաձայնագիրն է և այդ պատժամիջոցները շրջանցելու ու անտեսելու հնարավոր բոլոր տարբերակների փնտրտուքը։ Իսկ վատագույն դեպքում, ինչին ամերիկացիները հետզհետե ավելի հաճախ են բախվում, այն է, երբ նրանց ասում են, որ դա իրենց գործը չէ։ Եվ պետությունները պատրաստ են որոշակի քայլերի գնալ ապացուցելու համար, որ իրենց այդկերպ հնարավոր չէ շեղել ուղուց։
Եթե խոսենք Ադրբեջանի մասին, ապա այստեղ ընդհանրապես շահերի բավական բարդ խառնակույտ է։ Ադրբեջանը Թուրքիայի ամենամոտ դաշնակիցն է, Թուրքիան կարևորագույն պետություն է տարածաշրջանում բոլորի համար, այդ թվում` ամերիկացիների։ Կա Իրանի գործոնը, Ադրբեջանի և Իրանի դիմակայությունը, ինչը, անկասկած, բխում է ԱՄՆ–ի շահերից։ Կա Իսրայելի գործոն, որը սերտ փոխգործակցում է Ադրբեջանի հետ և այլն։ Այն ոսկե ժամանակները, երբ «քեռի Սեմը» վերցնում էր մահակը, բարձրացնում այն, ու բոլորը մի կողմ էին փախչում, անցել են։ Եվ պատժամիջոցներով հարցեր լուծելու փորձերը տանում են դեպի իրավիճակի վատթարացում։ Ինչ վերաբերում է Ձեր առաջին հարցին, գուցե Երևանում և Բաքվում ինչ–որ մեկը շահագրգռված է ուրիշներին ներգրավելու մեջ։ Բայց փաստն այն է, որ այդ ուրիշների ազդեցության ռեսուրսները սահմանափակ են։ Ռուսաստանի դեպքում էլ դրանք անվերջ չեն, բայց կան։ Եվ մոտ ապագայում չեն վերանա։
– Այդ ռեսուրսները կան, բայց մյուս կողմից, հաշվի առնելով ուկրաինական սյուժեով զբաղվածությունը` տարածաշրջանում անվտանգության ապահովման լրացուցիչ ուժերի պահանջարկ է առաջացել։ Հայաստանի ղեկավարությունն այժմ այդ լրացուցիչ գործիքների փնտրտուքի մեջ է։ Սակայն այդ փնտրտուքները երբեմն հայ–ռուսական հարաբերություններում որոշակի նյարդայնացնող գործոն են հանդիսանում։ Ինչո՞ւ է այդպես լինում, և ինչպե՞ս կարելի է վերացնել փոխադարձ դժգոհությունները։
– Ռուսաստանն ու Հայաստանը տվյալ ճգնաժամային գոտում տարբեր տրամաչափի խնդիրներ ունեն։ Մոսկվայի դեպքում ազդեցության խնդիրն է, աշխարհաքաղաքական կարևոր կետում իրեն ներկայացնելու խնդիրը, տարածաշրջանում բավական նշանակալի գործընկերների հետ հարաբերություններն են։ Դրանք լուրջ բաներ են, և Ռուսաստանը չէր ցանկանա կորցնել իր դիրքերը, որևէ թուլություն ցուցադրել։ Հայաստանն անհամեմատ ավելի մեծ անելիք ունի։ Եթե ավելի կտրուկ ասենք, ապա դա ազգային–պետական գոյատևման հարց է։ Հայաստանի ղեկավարության ուսերին շատ ավելի մեծ պատասխանատվություն է դրված այս կամ այն քաղաքականության համար։ Ես չեմ հանում պատասխանատվությունը Մոսկվայի վրայից, չեմ կարող հստակ ասել, որ մենք այնտեղ ամեն ինչ ճիշտ ենք անում...
Խելամիտ չէր լինի հերքել, որ նախորդ տարվա փետրվարից և այն բանից հետո, երբ մարտական գործողությունները չընթացան ծրագրվածի պես, Ռուսաստանը հայտնվեց ոչ ցանկալի իրավիճակում։ Եվ այժմ մեծ ջանքեր է պետք գործադրել իրավիճակը շտկելու և հավասարակշռության վերադառնալու համար։ Բայց միևնույնն է` Ռուսաստանի համար Հարավային Կովկասում տիրող իրավիճակը բազմաթիվ հարցերից մեկն է։ Հայաստանի համար խնդիրն այն է, ինչպիսին այն կլինի, որտեղ և ընդհանարապես կլինի արդյոք ժամանակակից տեսքով, թե ոչ։ Ես, օրինակ, մեծ զարմանքով և հետաքրքրությամբ մի քանի օր առաջ ծանոթացա ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմաններում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։ Ստացվում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքը ԽՍՀՄ սահմաններում, և Լեռնային Ղարաբաղի հարցը հանվում է, ես ճի՞շտ եմ հասկանում։
– Եվ հետևաբար չեղարկո՞ւմ այն գաղափարախոսությունը, որի վրա վերջին 30 տարիներին հիմնվել է հայկական պետականությունը։
– Ի դեպ, դա ևս դիրքորոշում է։ Ավելին` եթե այդ դիրքորոշումը, ինչպես ասում են «չարչրկված է», դրան են եկել անկախության 30 տարիներից հետո, ապա կառավարությունը, եթե այն լեգիտիմ է և արտահայտում է ժողովրդի կամքը, ցանկացած որոշում կայացնելու իրավունք ունի։ Սակայն այլ հարց է, թե արդյոք դա այդպես է... Անկեղծ ասած, ես չգիտեմ։
– Դուք հիշատակեցիք Իրանի գործոնը... Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը անվտանգության ոլորտում Հայաստանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունների մի մասը պատվիրակի Իրանին` հաշվի առնելով Մոսկվայի և Թեհրանի վերջին շրջանի գրեթե աննախադեպ մերձեցումը, ինչպես նաև տարածաշրջանային քարտեզի վերաձևում թույլ չտալու Իրանի փորձերը։ Նույն Հայաստանի փորձագիտական շրջանակներում ժամանակ առ ժամանակ խոսվում է Երևան–Մոսկվա–Թեհրան առանցքի ստեղծման անհրաժեշտության մասին։
– Ռուսաստանը մտադիր չէ իր պարտավորությունները որևէ մեկին պատվիրակել։ Նա կա՛մ անձամբ է կատարում դրանք, կա՛մ չի կատարում։ Իրանը բոլորովին այլ շահեր ու այլ օրակարգ ունեցող երկիր է։ Այո՛, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվում են մի շարք պատճառներով` ինչպես ընթացիկ, այնպես էլ պատմական։ Սակայն դա Հայաստանի հետ կապ չունի։ Ռուսաստանի և Իրանի հարաբերություններն այսօր վերելք են ապրել, բայց որևէ կերպ չի կարելի ասել, որ նրանք դաշնակիցներ են, նույն ալիքի վրա են և այլն։ Այլ հարց է, որ Իրանն իր շահերն ունի, որոնք որոշ առումով համընկնում են Հայաստանի, որոշ առումով` Ռուսաստանի շահերի հետ։ Բայց պետք է ասել, որ Ռուսաստանի շահերի հետ դրանք համընկնում են ավելի բարձր աշխարհաքաղաքական առումով։ Երկու երկրներն էլ գտնվում են արևմտյան հզոր ճնշման տակ` գումարած Սիրիան։ Իհարկե, տարբերակներ հնարավոր են։ Այդ թվում նաև որոշակի հարաբերություններ այդ «առանցքում» կամ այդ եռանկյունում։ Սակայն դա չի կարող համակարգ ձևավորող կամ կեղծ դաշինք լինել։ Իմ կարծիքով` դա բացառվում է։