Հայաստանն իր հարուստ բնական և պատմամշակութային հուշարձաններով թույլ չի տա, որ հյուրերն ու տեղի ճանապարհորդները ձանձրանան։ Յուրաքանչյուր ուղղություն՝ լինի հյուսիս կամ հարավ, արևելք կամ արևմուտք, բացառիկ տեսարժան վայրեր է տանում, որոնք, որպես կանոն, ներառված են մեծ պահանջարկ վայելող զբոսաշրջային ծրագրերում։
Սակայն նշանակալի հուշարձաններից բացի, հին հայկական հողի վրա կան նաև բազմաթիվ ոչ այդքան հայտնի, բայց ոչ պակաս հետաքրքիր և նշանավոր զբոսաշրջային վայրեր։ Հենց դրանց վրա է շեշտ դրվում «Քիչ հայտնի Հայաստան» հոդվածաշարում, որի շրջանակում զբոսավար, «Artsibi Tour» նախագծի ղեկավար Շուշան Համբարձումյանի հետ կներկայացնենք Հայաստանում շրջագայելու մեր տարբերակները։
Ի՞նչ կարելի է տեսնել Երևանից ոչ շատ հեռու
Այս անգամ առաջարկում են ուղևորվել գեղատեսիլ Բջնի. Երևանից այնտեղ կարելի է հասնել 40-50 րոպեում։ Գյուղը, որը հայտնի է համանուն հանքային ջրով, գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում` Հրազդան գետի աջ ափին։
Այս ուղղության հիմնական գրավչությունն այն է, որ «չարչրկված» չէ` չնայած անհերքելի զբոսաշրջային ներուժին ու մեծ տարածում ունեցող «Բջնի» հանքային ջրին, որը մրցակցում է հայտնի «Ջերմուկի» հետ։ Նշենք, որ Բջնին հին հայկական բնակավայրերից մեկն է. տարեգրություններում այն առաջին անգամ հիշատակվում է V դարում։
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Բջնիի սրտում միջնադարյան ճարտարապետության հիանալի հուշակոթող կա` Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 1031 թվականին Հովհաննես Սմբատ թագավորի հրամանով կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, ծառայել է որպես եպիսկոպոսարան և պատմական մեծ նշանակություն է ունեցել. հենց այստեղ է ընտրվել Պահլավունի III կաթողիկոսը։
Բջնիի ամրոց
Բջնիի ամրոցը գտնվում է գյուղի հյուսիսարևելյան հատվածում, անառիկ լեռնազանգվածի վրա. մի կողմից պաշտպանված է խոր կիրճերով, մյուս կողմից` ամրոցի պարիսպներով, որոնք ամրացված են կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի պատի երկարությունը 120 մետր է։
Երկար ժամանակ համարվում էր, որ Բջնիի ամրոցը X-XI դարերում կառուցել են Պահլավունիները։ Սակայն 1970-ականների պեղումների ժամանակ շատ ավելի հին շինություններ հայտնաբերվեցին` եկեղեցիների, պալատի, բնակելի տների պատեր, ջրամբար և ստորգետնյա թունել։ Պահլավունի իշխանները հին եկեղեցին վերակառուցել են միջին դարերում` դարձնելով Հայաստանի ուժեղագույն ամրոցներից մեկը։ Ի դեպ, Հրազդան գետ տանող գաղտուղին ամրոցի պարիսպների մոտ պահպանվել է մինչ օրս, սակայն դրանով անցնել խորհուրդ չի տրվում` անվտանգության նկատառումներից ելնելով։
Բջնիի ամրոցը
© Sputnik / Lilit Harutyunyan
Նեղուցի վանական համալիր
Նեղուցի վանքը գտնվում է Արզական գյուղի մերձակա բլրի վրա։ Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է բավական մեծ գավիթը։ Պահպանված ավերակներից դատելով` կարելի է ասել, որ այստեղ ևս մեկ եկեղեցի է եղել։ Քիչ հեռվում գերեզմանատուն կա և փոքր մատուռ։
Եզակի ճարտարապետությամբ այս վանքի մասին բացարձակապես ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Առաջին անգամ այն հիշատակվում է X-XI դարերում, մոնղոլական արշավանքից հետո, սակայն թե կոնկրետ երբ է կառուցվել, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ ժամանակին այստեղ ճգնավորների կենտրոն է եղել։
Սուրբ Աստվածածին եկեղեցու գավիթը
Նեղուցի վանք տանող ճանապարհը կանաչապատ է։ Վանքին կարելի է մոտենալ նաև մեքենայով, բայց զբոսավարները հորդորում են ոտքով բարձրանալ, քանի որ բնության այդ շքեղությունից, Շուշանի խոսքով, շունչդ կտրվում է։