«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը. Թանդիլյանը նշեց իրենց անելիքները

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը երևանցիներին առաջարկեց մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց քաղաքական ուժի նախագահ Մանե Թանդիլյանը։
«Մեր կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ, արդյունավետությամբ և հետևողականորեն իրականացնում է իր որդեգրած մարտավարությունը` ընտրությունների միջոցով հնարավորինս անցնցում երկրում իրականացնել իշխանափոխություն։ Մենք Հայաստանի 18 համայնքում ներկայացված ենք ավագանիում, որոնցից 3-ում ստանձնել ենք կառավարման պատասխանատվություն։ Այժմ հասել ենք մեր կուսակցության որդեգրած քաղաքականության հաջորդ հանգրվանին` Երևանի ավագանու ընտրություններին։ Ուրախ եմ ազդարարել, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել այդ ընտրություններում»,– ասաց Թանդիլյանը։
Նա վստահեցրեց` Երևանում ընտրություններն ունենալու են ակնհայտորեն քաղաքական ազդեցություն երկրի հետագա քաղաքական իրավիճակի վրա։ Քաղաքական գործիչն ընդգծեց` Երևանում իշխանազրկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ճիշտ այնպես, ինչպես դա արել են Ալավերդի, Նոյեմբերյան և Տաթև համայնքներում։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահը երևանցիներին առաջարկեց մայրաքաղաքի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի։
«Երևանցին պետք է արժանի արձագանք տա ներկայիս իշխանությունների կողմից մայրաքաղաքը զավթելու փորձերին։ Գործող ավագանին մինչև ապրիլի 25-ը պարտավոր է, համաձայն օրենսդրության, իր կազմից ընտրել Երևանի քաղաքապետ։ Երևանցու քվեի հետ կապ չունեցող, չընտրված, բայց դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած խոսքերից պարզ է դառնում, որ այդպիսի մտադրություն չունեն։ Մարդ, որը նախաձեռնել է Երևանի «էկոցիդը», մտածում է, որ ինքն է դա որոշում։ Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, որովհետև համոզված է` օրինական եղանակով անհնարին է իրենց վերարտադրությունը»,– ասաց Թանդիլյանը։
Նշենք` եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվի նոր քաղաքապետ, ապա Երևանի ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով, կառավարության որոշմամբ։ Ըստ կուսակցության նախագահի` եթե այդ ժամանակ գործադիրը, ինչպես բոլոր, այնպես էլ այս հարցում, մատնվի անգործության, ապա կհանդիպեն դատարանում։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները նախատեսված են 2023 թվականի աշնանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ նշանակվեց։
Ընտրություններին կմասնակցեն նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։