Զինծառայողին վարորդ նշանակելու համար կաշառք է վերցրել. չորս անձ ձերբակալվել են

Ձերբակալում. Արխիվային լուսանկար
Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալն ու ևս երեք անձ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, կաշառք տվող Ա. Գ.-ի մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու համար Ա. Գ.-ից ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք, հայտնում է հակակոռուպցիոն կոմիտեն:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողին նույն զորամասում վարորդի պաշտոնին նշանակելու հարցում աջակցելու համար վերջինիս ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտին երկու միջնորդների միջոցով դիմել է հիշյալ զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալ Կ. Ա.-ին: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք և իր ենթակային՝ զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել է նշված զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում:
Զինծառայողի ազգական Ա. Գ.-ն 2023 թվականի մարտի 8-ին Էջմիածին քաղաքում հանդիպել է Կ. Ա.-ին և որպես կաշառք նրան տվել ընդհանուր 605.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ՌԴ ռուբլի և 90.000 ՀՀ դրամ: Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 31-ին, հիշյալ զինծառայողը նշանակվել է նույն զորամասի ջոկի վարորդի պաշտոնին:
ՊՆ պաշտոնատար անձ Կ. Ա.-ն, նրան կաշառք տված Ա. Գ.-ն և երկու միջնորդները ձերբակալվել են:
Նույն օրը Կ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալու համար), Ա. Գ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափերով կաշառք տալու համար), իսկ միջնորդներին՝ 437-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառքի միջնորդության համար):
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կ. Ա.-ի, Ա. Գ.-ի և միջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: