ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է տեր կանգնել իր առաջադրած թեկնածուին` մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով ԱԺ –ում տեղի ունեցած միջադեպին։
Երեկ ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, Թովմասյանը չհամաձայնեց, նրան միացան այլ ընդդիմադիր պատգամավորներ։ Ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, քաշքշուկ սկսվեց։ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ նախաձեռնել է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց` հիշեցնելով, որ այդ մասին հայտնել է դեռ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որտեղ ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին, և, որպես արձանագրում, պետք է ասեմ, որ այն ամիսների ընթացքում, երբ ՔՊ–ի թեթև ձեռամբ ՀՀ–ն չուներ մարդու իրավունքների պաշտպան, իսկ մինչ այդ էլ ուներ ՔՊ–ի իրավունքների պաշտպան (նկատի ունի Քրիստինե Գրիգորյանին. խմբ.), այդ ընթացքում Թագուհի Թովմասյանը զգալի ծավալով իր ուսերի վրա էր վերցրել նաև ՄԻՊ–ի գործառույթները։ Կարծում եմ, որ նման աշխատանքի արդյունքում պետք է լուռ հետևել, գոնե չխանգարել։ Միայն վերջին շրջանում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովից 650 գրություն է ուղարկվել միջազգային տարբեր կազմակերպություններ և դեսպանություններ։ Դա այն աշխատանքն է, որը պետք է ՄԻՊ–ն աներ»,– նշեց Մամիջանյանը։
Հիշեցնենք` երեկվա միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։ Դեպքի առնչությամբ նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։