Սյունիքում 2018-ից մինչ օրս կառավարությունը 100 միլիարդ դրամ է ներդրել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ մարզում այդչափ ներդրում չի կատարվել, ինչ Սյունիքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Սյունիքում 2018-ից մինչ օրս կառավարությունը 100 միլիարդ դրամ է ներդրել։ ԱԺ արտահերթ այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` որևէ մարզում այսչափ ներդրում չի կատարվել։ Ի դեպ, ըստ Փաշինյանի, մարզերում վերջին 5 տարիներին ներդրվել է 1.2 միլիարդ դոլար։
«Իսկ որևէ մեկը հաշվել է` Սյունիքում մինչև 2018-ը քանի հայկական գյուղ է ֆիզիկապես դատարկվել։ Տասնյակ գյուղեր են դատարկվել, և բոլորը գիտեն այդ մասին։ Բոլորը խոսում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի» մասին, իսկ մինչ այդ ո՞ւր են գնացել այդ բոլոր հարկերը։ Մեզ ասում են` խոստումները չեք կատարել, բայց Կապանում մենք խոստացանք` ասելով, թե հերիք եղավ, բոլ եղավ, կոմբինատում ՀՀ ժողովուրդն ի դեմս կառավարության իր մասնաբաժինն է ունենալու»,–ասաց Փաշինյանը։
Դրանից հետո, ըստ նրա, երբ այս մասնաբաժինը ստացել են և հերթով կոռուպցիայի «կռանիկները» փակել են, մի կուսակցություն կար, որը հազար մասի բաժանվեց։
Վարչապետը հավելեց, որ Սյունիքում հիմա 40 կրթահամալիր են կառուցում։