ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հունահռոմեական ոճի երեք հայ ըմբիշներ դուրս են եկել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
1/4 եզրափակիչում պայքարը կշարունակեն 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը։
1/8 եզրափակիչից պայքարը սկսած Դավիթ Հովասափյանը հաղթեց գերմանացի Ֆրանց Ռիխտերին 2:0 հաշվով, իսկ Մալխաս Ամոյանը խորվաթ Անտոնիո Կամենյասևիչին՝ 10:0 հաշվով:
Վիգեն Նազարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից։ Նրա մենամարտը ավստրիացի Լուկաս Ստաունդախերի հետ ավարտվեց ոչ-ոքի (1: 1), բայց քանի որ վերջին միավորը նվաճել էր հայ մարզիկը, հաղթանակը շնորհվեց նրան:
Ավելի վաղ` որակավորման փուլում, Վիգեն Նազարյանը 8:7 հաշվով հաղթել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Արկադիուշ Կուլինիչին:
Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 21-ին և կավարտվի ապրիլի 23-ին: