ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին է ներկայացրել Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների պատճառով տեղի բնակչության համար առաջացած անվտանգային հիմնահարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻ պաշտպանի գրասենյակը` հավելելով, որ Մանասյանն ընդունել է Վիկտորինին։
«Մանասյանն անդրադարձել է ապրիլի 14-ին Սյունիք կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի կողմից տեղի բնակչության կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Մանասյանը Վիկտորինին է ներկայացրել Սյունիքում առկա անվտանգային հիմնահարցերը
Մանասյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ–ում կալանավորված զինծառայողներին իր կատարած այցի մանրամասները։
Դեսպանը կարևորել է այս ուղղությամբ պաշտպանի հաստատության գործունեությունը, ներառյալ նաև փաստահավաք աշխատանքները, դրանց հիման վրա մշակված զեկույցները, որոնք միջազգային հանրության համար ծառայում են որպես հավաստի և վստահելի աղբյուր։
Հիշեցնենք՝ ապրիլի 11–ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։