ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը խորապես մտահոգված է Զապորոժիեի ԱԷԿ–ում առկա իրավիճակով

ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենը կշարունակի պնդել, որ ապահովվի ԱԷԿ–ի պաշտպանությունը կայանի վրա հարձակումները բացառելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ–ում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր կրակոցներ են լսել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մտահոգված է իրավիճակով։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԳԱՏԷ–ի կայքից։
«Ուկրաինայում Զապորոժիեի ԱԷԿ–ում գտնվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր կրակոցներ են լսել, և ինչ–որ պահի, տարածաշրջանում շարունակվող ռազմական ակտիվությամբ պայմանավորված հնարավոր վտանգի պատճառով, նրանց հրահանգվել է թաքնվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ–ի խմբի վերջին զեկույցներում ընդգծվում է` միջուկային անվտանգության համար լուրջ վտանգներ կան, որոնց բախվում է Եվրոպայի խոշորագույն ատոմակայանը։
Ուկրաինայի զինված ուժերի հարվածային դրոնն ընկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի անմիջական հարևանությամբ
«Խորապես մտահոգված եմ իրավիճակով», – ասել է գործակալության գլխավոր տնօրենը։
Նշվում է նաև` ՄԱԳԱՏԷ–ի թիմը արձանագրել է, որ տուրբինային սրահի չորրորդ էներգաբլոկում վնասված պատուհաններ կան։ Մասնագետները կարծում են, որ դա չի կարող պայմանավորված լինել ցամաքային ականների պայթյունով։ ՄԱԳԱՏԷ–ի խումբը փորձում է պարզել պատճառները։
Գրոսիի խոսքով` ինքը շարունակելու է պնդել, որ ապահովվի ԱԷԿ–ի պաշտպանությունը կայանի վրա գրոհները բացառելու համար։
«Նա շարունակում է ջանքեր գործադրել և բանակցել Ուկրաինայի և ՌԴ–ի հետ», – նշել են գործակալությունում։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը դեռ կրիտիկական փուլից դուրս չի եկել. «Ռոսատոմի» ղեկավար
Ուկրաինացի զինվորականները շարունակում են գնդակոծել Էներգոդարն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարակից տարածքը։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը ձգտում է միջուկային աղետի սպառնալիքի տեսանելիություն ստեղծել՝ շարունակելով նպատակաուղղված գնդակոծել ԶԱԷԿ-ը։ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) բազմիցս հայտարարել է ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: