ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Լիանա Գյուրջյանը 81 կգ քաշային կարգում երկամարտի 215 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը։
Պոկում վարժությունում Լիանան առաջին մոտեցման համար պատվիրել էր 95 կգ։ Բայց առաջին մոտեցումը մեր ծանրորդի համար անհաջող էր։ Միայն երկրորդ մոտեցումով Գյուրջյանը գլխավերևում պահեց պատվիրված քաշը։ Սակայն զարգացնել հաջողությունը Լիանային չհաջողվեց։ Երրորդ մոտեցման ժամանակ հայ մարզուհին չկարողացավ բարձրացնել 99 կգ կշռող ծանրաձողը։ Այս արդյունքով Գյուրջյանը պոկում վարժությունում զբաղեցրեց 9-րդ տեղը։ Իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինուհի Իրինա Դեխան, որը բարձրացրեց 123 կգ։
Լիանա Գյուրջյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
© Sputnik / Asatur Yesayants
Հրում վարժությունում Գյուրջյանը պատվիրել էր 125 կգ, բայց սկսեց 120 կգ կշռող ծանրաձողին մոտեցումով և պահեց քաշը գլխավերևում։ Բայց հաջորդ երկու մոտեցումների ժամանակ մեր մարզուհին չկարողացավ բարձրացնել 126 կգ-ը և իր ելույթներն ավարտեց երկամարտի 215 կգ արդյունքով, զբաղեցնելով 10-րդ տեղը։
Այսօր ավելի ուշ մրցահարթակ են դուրս գալու տղամարդկանց մինչև 96 կգ քաշային մարզիկները։ Հայաստանը ներկայացնելու են Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը։