ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում այսօր կնքվել է Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը, տեղեկանում ենք ջրային կոմիտեից։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 97,8 միլիոն եվրո է, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։
Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և շուրջ 17 000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Ի դեպ, մայիսի 17-ին նախատեսված է Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողությունը։
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի և չինական կողմի Շանքսի «Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո«, ինչպես նաև Շանքսի «Հայդրոլիք Քոնսթրաքշն էնջինիրինգ Բյուրո Գրուպ Կո» համատեղ ընկերությունների միջև։
Հիշեցնենք, որ Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել։ Այժմ ավազանի մակերեսի 280 հա–ն կառուցված է, նախագծով նախատեսվում է այն հասցնել 430 հա–ի։