ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվել է 2 մլն 292 հազար 963 պատվաստում։ Այս տվյալը Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այդ պատվաստումներից առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 161 հազար մարդ, երկրորդը` 1 մլն 421 հազար, իսկ բուստերը` 89 հազար մարդ։ 2023 թվականի մարտի 9-ի դրությամբ Հայաստանն ընդհանուր առմամբ ձեռք է բերել 3 մլն 843 հազար 600 դեղաչափ (AstraZeneca, Sputnik V, CoronaVac, Sinopharm, Moderna, Sputnik Light, Pfizer պատվաստանյութեր), այսքանից գնվել է միայն 1 մլն 647-ը, մնացածը տրամադրվել է նվիրվատվությունների շնորհիվ»,– ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև հայտնեց, թե որքան գումար է ծախսվել կորոնավիրուսային հիվանդության ի հայտ գալուց ի վեր` 2020 թվականին` 26 մլրդ դրամ, 2021-ին` 27 մլրդ, 2022-ին` 10 մլրդ դրամ։ Նրա խոսքով` այս գումարները ծախսվել են, որպեսզի ՀՀ–ում գրանցվեն առողջացումներ, հիվանդացության և մահվան դեպքերն էլ քիչ լինեն։
Հիշեցնենք` մարտի 19-ին ՀՀ առողջապահության նախարարությունը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանը 2023 թվականի մարտի 9-ի դրությամբ գնել է 1 մլն 847 հազար 260 դեղաչափ պատվաստանյութ։