ՀՀ բերվող M1 և M1G մեքենաների համապատասխանության գնահատումը ազգային կարգավորմամբ կարվի

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում. Արխիվային լուսանկար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին, որի ժամանակ էլ որոշում է կայացվել ՀՀ ներմուծվող մեքենաների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Մինչև 2024-ի փետրվարի 1-ը ՀՀ տարածք անվավոր տրանսպորտային միջոցների օտարերկրյա արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծվող M1 և M1G (համապատասխանաբար թեթև մարդատար և մասնագիտացված ավտոմեքենաներ ) կարգի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատումը կիրականացվի ազգային կարգավորումների համաձայն: Նման որոշում է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում, տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԵՏՀ խորհրդի հերթական նիստին։ Եվ հենց Հայաստանի նախաձեռնությամբ էլ ընդունվել է ԵՏՀ խորհրդի վերոհիշյալ որոշումը:
Ի դեպ, նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր։
Հիշեցնենք, որ Փաշինյանի որոշմամբ` Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի ապրիլի 20-22-ը ՌԴ են գործուղվել Մհեր Գրիգորյանն ու փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը։