Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ` լավ չեն Աստծո հետ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն իր խոսքերն ապացուցելու համար մեջբերեց Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Ատծո հետ։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ` անդրադառնալով երկուստեք փոխգործակցությանը։
«Օդում պտտվող մի թեմա կա` հաճախ փորձ են անում ներկայացնել, որ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն կամ պրոբլեմներ կան։ Մի աղմկոտ հայտարարություն եմ անում` եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Սա հայտարարություն է համաձայն քրիստոնեական տեսության»,– ասաց Փաշինյանը։
Դա ապացուցելու համար նա մեջբերեց Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի հատված, որտեղ ասվում է. «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը` Աստծո հրամանին է հակառակում»։
Փաշինյանը հորդորեց, որ եկեղեցին ինքն իր տեսության, էության և հավատի մասին մտածի, իսկ Աստված օգնի իրենց պահպանել, զարգացնել, հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: