ԱՄՆ–ն պատրաստ է Կովկասում Ռուսաստանի հետ կոշտ մրցակցության. Մարկեդոնով

Քաղաքագետ–միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Վաշինգտոնը որոշել է ակտիվանալ` տեսնելով բրյուսելյան ձևաչափի տեղում ակնհայտ դոփելն ու հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ձախողումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կովկասը Վաշինգտոնի համար կենսական կարևոր տարածաշրջան չէ, նրա համար առաջնահերթ են ոչ այնքան Թբիլիսին, Երևանն ու Բաքուն, որքան Մոսկվան, Անկարան ու Թեհրանը։ Bunin&Co վերլուծական Telegram ալիքում նման տեսակետ է հայտնել ռուս քաղաքագետ–միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նա հիշեցնում է, որ ապրիլի 17-21-ը կայացավ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի այցը Երևան և Բաքու։ Առաքելության հիմնական նպատակը` «օգնել հասնելու երկարաժամկետ խաղաղության»։ Փաստացի, Օլսոնն ակտիվացնում է այն թեզերը, որոնք Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նշել է իր ղեկավար Էնթոնի Բլինկենը, որը 2023 թվականի փետրվարին Բավարիայի մայրաքաղաքում բանակցություններ անցկացրեց Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։
Քաղաքագետը նշում է, որ ԱՄՆ գլխավոր դիվանագետի այն ժամանակվա հիմնական հռետորաբանությունն այն էր, որ հակամարտության երկու կողմերն էլ պետք է ինքնուրույն գտնեն խաղաղության ուղիներ։ Սակայն, փաստացի, խոսքը բանակցային գործընթացքում ռուսական մոդերացիան նվազագույնի հասցնելն էր։
Ռուսաստանը չի վախենում 100 դիտորդից, անհանգստացնում է Հայաստանի ընտրած կուրսը. Մարկեդոնով
Խնդիրը, սակայն, միայն Լեռնային Ղարաբաղը չէ։ Մարկեդոնովը նշում է այն փաստը, որ ապրիլի առաջին երկու շաբաթների ընթացքում Հայաստան են այցելել առևտրատնտեսական ուղղվածություն ունեցող ԱՄՆ 4 (!) պատվիրակություններ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյի բանացկությունների ընթացքում քննարկվել է նաև հակառուսական պատժամիջոցներին Երևանի հնարավոր անուղղակի միանալու հարցը։ Ապրիլի 21-ին ՀՀ կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ–ի և ԵՄ–ի կողմից Հայաստանի նկատմամբ երկրոդային պատժամիջոցների իրական վտանգի մասին։
Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Մոսկվային հաջողվեց փոխզիջումների հասնել Երևանի և Բաքվի միջև, փորձագետներից շատերը հապճեպ եզրակացություններ արեցին` կապված Կովկասյան տարածաշրջանից ամերիկացիների հեռացման մասին, նշում է ռուս քաղաքագետ–միջազգայնագետը։
«Եվ իսկապես, 2020 թվականի վերջին ԱՄՆ–ն չխոչընդոտեց հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի հատուկ դերին։ Սակայն ռազմական հատուկ գործողությունների մեկնարկով հայեցակարգը փոխվեց։ Եվ այսօր ԱՄՆ–ն պատրաստ է կոշտ մրցակցության գնալ Ռուսաստանի հետ ընդհանուր առմամբ Եվրասիայում, և մասնավորապես` Կովկասում։ Այստեղից էլ բխում են խաղաղության գործընթացում առաջնային դերի դուրս գալու և Հայաստանի վրա Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու առումով Երևանի վրա ճնշումներ գործադրելու փորձերը»,–նշվում է նյութում։
Խոսելով ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև աճող առճակատման մասին` Մարկեդոնովը նշում է Եվրասիայում ամերիկյան ագրեսիվ վարքագիծը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, Նահանգները չեն շտապում Կովկասում խաղաղության պատասխանատվության բեռն իրենց ուսերին վերցնել։ Այդ առումով նրանք պատրաստ էին կիսվելու նույն ԵՄ–ի հետ։
Քաղաքագետի կարծիքով` Վաշինգտոնը որոշել է ակտիվանալ, այսպես կոչված «անհատապես»` ակնհայտ տեսնելով, որ բրյուսելյան ձևաչափում որևէ զարգացում չի նկատվում, ինչպես նաև ձախողվել է ԵՄ առաքելությունը հայ–ադրբեջանական սահմանին (այդ թվում Տեղ գյուղի ապրիլյան միջադեպը)։
Տեղի միջադեպը հայ-ադրբեջանական հակամարտության ռենտգեն լուսանկարն է. Մարկեդոնով
Նշենք, որ ԵՄ դիտորդների առաքելության մամուլի ծառայությունն ապրիլի 12-ին հայտարարել էր, որ ապրիլի 11-ի առավոտյան ԵՄ դիտորդներն իրենց մանդատի շրջանակում պարեկություն են իրականացրել Տեղ և Կոռնիձոր գյուղերի հատվածում, սակայն այնտեղ չեն եղել, երբ տեղի է ունեցել միջադեպը։ Եվ միայն ուշ երեկոյան են իրենք ՀՀ իշխանություններից տեղեկացել կրակոցների մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։