ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Դերասան Ալեք Բոլդուինին առաջադրված մեղադրանքը կհանվի։ Ինչպես հայտնում է «Associated Press»–ը, այդ մասին հայտարարել են դատախազներ Քերի Մորիսին և Ջեյսոն Լյուիսը։
2021 թվականի հոկտեմբերի 21-ին Բոլդուինը պատահաբար սպանել էր Գալինա Հաթչինսին «Ժանգը« ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հունվարին Նյու Մեքսիկոյի նահանգի դատախազությունը Բոլդուինին և Գուտիերես-Ռիդին մեղադրանք էր ներկայացրել ոչ դիտավորյալ սպանության համար: Մարտի վերջին գործով սկսեցին զբաղվել այլ դատախազներ։
Դատախազներն ընդգծել են, որ դատարանի վճիռը չի նշանակում, որ դերասանը լիարժեք ազատվում է պատասխանատվությունից, նրան կարող են կրկին մեղադրանքներ առաջադրվել, հետաքննությունը շարունակվում է:
«Բացահայտվել են նոր փաստեր, որոնք պահանջում են հետագա քննություն և փորձաքննություններ», - ասված է նրանց հայտարարության մեջ:
Նկարահանող խմբի անդամ, զենքի փորձագետ Հաննա Գուտիերես-Ռիդին ներկայացված մեղադրանքները չեն հանվել:
Բոլդուինի փաստաբաններ Լյուկ Նիկասը և Ալեքս Սփիրոն հայտարարել են, որ դատախազների որոշումը բավարարում է իրենց, և որ իրենք կողմ են այդ ողբերգական միջադեպի մանրակրկիտ հետաքննությանը: Գուտիերես-Ռիդի փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ դատարանում նա կհայտարարի անմեղության մասին:
CNN-ի աղբյուրը, որը տեղյակ է հետաքննության ընթացքին, ասել է, որ պարզվել է` ատրճանակը, որից կրակել է դերասանը, նախկինում մոդիֆիկացվել է: Սա նոր հանգամանք է, որն ազդել է դատախազների որոշման վրա։ Այժմ նրանք կուսումնասիրեն ատրճանակը և կպարզեն, թե այդ մոդիֆիկացիաներն ինչ հետևանքներ կարող էին ունենալ զենքի գործարկման ժամանակ: Ավելի վաղ Բոլդուինն ասել էր, որ երբ ատրճանակն իր ձեռքին է եղել, ինքը ձգանը չի սեղմել, բայց զենքը կրակել է։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձագետն ավելի ուշ հայտարարել էր, որ առանց ձգանը սեղմելու կրակոց չէր կարող լինել:
2022 թվականի աշնանը Բոլդուինը մինչդատական պայմանագիր է կնքել Հաթչինս ընտանիքի հետ և պայմանավորվել, որ ֆիլմի նկարահանումները կշարունակվեն։ Բոլդուինը «Ժանգը» ֆիլմի աշխատանքներին որպես դերասան և համահեղինակ է մասնակցում։