ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ցանկացած սադրանք կամ բռնություն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում այս մասին ասել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը` անդրադառնալով Տեղում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքին։
Հայտնել ենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Կովաչևը հիշեցրել է, որ ԵԽ–ն հստակ դիրքորոշում արտահայտեց իր բանաձևով, ըստ որի` Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիվ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, և Լաչինին միջանցքը պետք է անհապաղ բացվի հաղորդակցությունների վերականգնման համար, որպեսզի մարդիկ կարողանան անխափան երթևեկել 2 ուղղությամբ։
«ԵՄ-ն պատրաստ է նպաստել խաղաղ կարգավորման գործընթացին դիտորդական առաքելության միջոցով, որն օգնելու է խուսափել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հետագա ագրեսիաներից »,–ասելէ Կովաչևը։
Իսկ թե սահմանազատման գործընթացում ԵՄ-ն ինչ աջակցություն կարող է ցուցաբերել, ըստ Կովաչևի` այս աշխատանքները, բնականաբար, պետք է իրականացնեն Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբերը:
Նա նշել է նաև, որ սահմանների հարցում կողմերը լուծման որոշակիություն մտցնելու կարիք ունեն, որպեսզի հետագայում խուսափեն նման սադրանքներից:
Ինչ վերաբերում է Տեղի դեպքերի վերաբերյալ ԵՄ դիտորդներիարձագանքին, ապա Կովաչևը նշում է, որ Եվրախորհրդարանին դեռ զեկույց չի տրամադրվել, բայց սպասում է, որ շուտով դիտորդների կողմից կունենանք առաջին զեկույցը։
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ–ից հնչող այն ահազանգերը, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողությունների է նախապատրաստվում, Կովաչևը պատասխանեց, որ պաշտոնական Բաքվից լսում է հայտարարություններ, թե նրանք շարունակում են հանձնառու մնալ խաղաղության օրակարգին և սահմանազատման գործընթացին։
«Սա է իրավիճակի հանգուցալուծման միակ խաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհը: ԵՄ-ն մտադիր է նպաստել խաղաղության գործընթացի հեշտացմանը, քանի որ սա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար խաղաղ միջավայրում ապրելու, կրթություն ստանալու, կարիերայի, սոցիալական բարգավաճման համար անհրաժեշտ գործոն է, ամենակարևորը՝ ազատ քաղաքացի լինելու և չվախենալու, որ ցանկացած պահի կարող են հարձակումներ լինել»:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: