Ընդդիմությունը օրակարգ չունի. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան. Արխիվային լուսանկար
Ընդդիմությունը, ըստ ԱԺ նախագահի, չի պահանջում նոր ընտրություններ, քանի որ վստահ է, որ այլևս չի հայտնվի խորհրդարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մեր ընդդիմությունը, որը վերադարձավ Ազգային ժողով իր օրակարգով, օրակարգ չունի: Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա կարծիքով հենց դա է պատճառը, որ ընդդիմությունը ընտրել է տարբեր մարտավարություններով խանգարելու, սադրանքներ կազմակերպելու գործելաոճը։
«Ասում են՝ իշխանությունը պետք է հեռանա, բայց լեզուները չի պտտվում, որ ասեն՝ նոր ընտրություն ենք պահանջում: Դասական քաղաքականության մեջ ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություն, ոչ թե գալիս ու ասում են՝ հրաժարական տվեք։ Չեն ասում, որովհետև գիտեն, որ մեծ մասը չի լինելու այստեղ»,– հայտարարեց նա։
Իր ելույթը Ալեն Սիմոնյանը ավարտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով.
«Մենք ձեր մեջքին կանգնած ենք, վստահ եղեք դրա մեջ: Հայ ժողովուրդը կանգնած է ձեր մեջքին: Մենք ընտրված իշխանություն ենք, և մեր ժողովուրդը գիտի՝ Հայաստանում որոշողը ինքն է, և այդպես է լինելու այսուհետ»,– ասաց նա։
Հիշեցնենք` այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր իրականացրել ԱԺ-ում, որին միացան ընդդիմադիր մի քանի այլ պատգամավորներ։
Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում են ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։ Դեպքի առնչությամբ նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։