Տեղում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պրոբլեմատիկ հատվածը 5 կիլոմետր է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։ ԱԺ–ում որոշ լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ Այսինքն` և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այդտեղով։ Իսկ սա նշանակում է, որ հայաստանցի և ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` երկու կողմերի սահմանապահներն իրար հետ աշխատել են և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա։ Ըստ նրա` փորձը ցույց է տալիս` երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, որոշակի արդյունքներ լինում են։
Փաշինյանը հավելեց, որ հայկական կողմը հույս ունի` պրոբլեմատիկ 3.6 կիլոմետրանով հատվածն էլ կճշգրտվի, սակայն մինչև դա տեղի չունենա, չեն կարող ասել, թե դա տեղի է ունեցել։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Ապրիլի 6–ին Փաշինյանն ասաց, որ ՀՀ–ն Լաչինի միջանցքին կապող նոր` Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ–Ադրբեջան սահմանի մոտ 12–կիլոմետրանոց սահմանի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը։
Նրա խոսքով` ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը։ Փաշինյանն ասաց, որ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։
Հավելենք, որ ապրիլի 11–ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։