ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Սուդանի մայրաքաղաք Խարթումում զարգացումների հետևանքով հայեր չեն տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` հավելելով, որ հայկական եկեղեցին նույնպես չի վնասվել։
Նշենք, որ Սուդանում ռազմական գործողությունները հիմնականում տեղի են ունենում մայրաքաղաք Խարթումի օդանավակայանի տարածքում, որը հայկական եկեղեցուց գրեթե 2 կմ է հեռու։
ՀՀ ԱԳՆ խոսնակը նշեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտապես կապի մեջ է Սուդանում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սուդանում աշխատող մի քանի ՀՀ քաղաքացիների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք` ապրիլի 15-ին Սուդանում մարտեր են սկսվել արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) և կանոնավոր բանակի միջև։ Առաջինները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Հանրապետության պալատը (նախագահական պալատը) Խարթումում, մայրաքաղաքի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև Մերոեի օդային բազան: Արագ արձագանքման ուժերը կանոնավոր բանակին մեղադրում են իրենց` մայրաքաղաքում գտնվող բազայի վրա հարձակվելու համար՝ բոլոր տեսակի զենքերի օգտագործմամբ:
Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ ապրիլի 13-ից ի վեր Սուդանում տեղի ունեցած բախումների ընթացքում մահացել է 97 մարդ, վիրավորվել՝ 942-ը: