Պարեկային ծառայությունը նոր պետ ունի

Արթուր Խուդինյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՆԳՆ Պարեկային ծառայության պետի պաշտոնում ընտրվել է Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Նշենք, որ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը փետրվարի 16–ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Ումրշատյանն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հուլիսի 8-ին։
Նրա ազատումը կապված էր Երևանում փետրվարի 10–ին գրանցված միջադեպի հետ։ Երիտասարդ վարորդը մոտավորապես 23։30-ին Հանրապետության հրապարակում մոտեցել է պարեկներին և «Համմեր» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել նրանցից։
Մերժում ստանալուց հետո նա մեքենան վարել էր Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել էր վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։
Այնուհետև նա երթևեկել է ՀՀ կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պահանջին, վրաերթի է ենթարկել պարեկային ծառայության աշխատակցի, դիտավորյալ վնասել պարեկային ծառայության 3 ավտոմեքենա։
Պարզվել էր, որ «Համմերը» պատկանում է Արարատի մարզի բնակչի, որը փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: