ՆԱՏՕ-ի երկրների աջակցությունն Ուկրաինային գերազանցել է 150 մլրդ եվրոն. գլխավոր քարտուղար

Յենս Ստոլտենբերգ
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջին անգամ այցելել է Ուկրաինա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ՆԱՏՕ-ի անդամների կողմից Ուկրաինային ընդհանուր աջակցությունն արդեն գերազանցել է 150 միլիարդ եվրոն, դաշնակիցներն ավելացնում են ինքնաթիռների, տանկերի և զրահատեխնիկայի մատակարարումները: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Կիևում։
Ապրիլի 20-ին Ստոլտենբերգն այցելել է Կիև, որտեղ բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի կառավարության հետ։
«Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային ավելի քան 150 միլիարդ եվրոյի աջակցություն են ցուցաբերել... դաշնակիցներն ավելի շատ ինքնաթիռներ, տանկեր և զրահատեխնիկա են մատակարարում, իսկ ՆԱՏՕ-ի հիմնադրամը հրատապ աջակցություն է ցուցաբերում... Այս ամենն այսօր իրական նշանակություն ունի մարտի դաշտում»,- ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանը նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում» զենք մատակարարելով Ուկրաինային։